ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՊՌՈՇՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՆՈՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԲԱՑՎԵՆ
Շվեյցարացի անհատ բարեգործները շարունակում են Հայաստանում սոցիալական ոլորտի բարեփոխումներին ուղղված իրենց նախաձեռնությունները: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացրեց շվեյցարահայ բարերար Մայք Բարոնյանը, շվեյցարացի գործարար Պինո Չաչոյի հետ համատեղ իրենք այժմ ծրագրում են նաեւ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում նոր ձեռնարկություններ հիմնել, ինչի արդյունքում տեղի բնակչության գոնե որոշ մասի համար աշխատատեղեր կապահովվեն: «Այժմ դեռ մտածում ենք փոքր ձեռնարկությունների հիմնելու մասին»,-ասաց նա:
Նշենք, որ շվեյցարահայ բարերար Մայք Բարոնյանի եւ շվեյցարացի գործարար Պինո Չաչոյի նախաձեռնությամբ եւ ֆինանսական օժանդակությամբ այս տարվա սեպտեմբերի 21-ին Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում վերաբացվել է ամբողջապես բարենորոգված ու կահավորված մանկապարտեզը: Ծախսված ֆինանսական միջոցների մասին տեղեկատվություն ներկայացնելուց զերծ մնալով` բարերարները գերադասում են խոսել իրենց աշխատանքների արդյունքների մասին:
Մայք Բարոնյանի խոսքով` Շվեյցարիայի մանկապարտեզներում այնպիսի խնդիրներ չկան, ինպիսիք առկա են Հայաստանում, «դա տեսնելը մեզ համար դժվար է»:
Բարեգործական աշխատանքներում ներգրավված շվեյցարացի գործարար Պինո Չաչոյի այցելությունները Հայաստան սկսվել են դեռ Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալվող պատերազմական տարիներից: ,,Այս երկիրն արդեն այնքան եմ սիրում, որ ինձ թվում է, թե իմ երակներում նաեւ հայկական արյուն է հոսում», նկատում է նա` ընդգծելով նաեւ իր համոզմունքը` «մարդկանց օգնելով չես կորցնում, ավելի ես հարստանում»:
Հիշեցնենք, որ Պռոշյան համայնքի մանկապարտեզի վերանորոգումն ու կահավորումն այս բարերարների առաջին նախաձեռնությունը չէ: Նրանց օգնությամբ եւ ֆինանսավորմամբ վերանորոգվել են նաեւ Պռոշյանի պոլիկլինիկան եւ բուժլաբորատորիան: Վերջինս նաեւ հագեցվել է անհրաժեշտ մի շարք սարքավորումներով: Նշված անձանց շնորհիվ Պռոշյան համայնքում կառուցվել է նաեւ մարզասրահ ու երիտասարդական կենտրոն: