
«ԱՐՄԵՆԻԱ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՆՈԹԱՅԻՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
ՀՀ առողջապահության նախարարությունն արձագանքել է «Հայլուր» լրատվական հաղորդման ընթացքում առողջապահության ոլորտին առնչվող տեսանյութում բարձրացված հարցը:
Հաշմանդամ Մարիամ Փափազյանի նկատմամբ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում ոչ ճիշտ մոտեցում ցուցաբերելու առիթով ուսումնասիրություն է սկսվել ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով։
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի անոթային բաժնի վարիչ Զախար Պետրոսյանը խախտել է ոչ միայն բժշկական էթիկայի կանոնները, այլև ՀՀ կառավարության 2004թ.-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության և սպասարկման մասին» թիվ 318 որոշման, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության և բուժհիմնարկի միջև կնքված` Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մասին պայմանագրի պահանջները։
Ելնելով այդ ամենից ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը մի շարք հանձնարարականներ է տվել։
«Արմենիա» բժշկական կենտրոնի անոթային բաժնի վարիչ Զախար Պետրոսյանն ազատվել է աշխատանքից։ Իսկ հաշմանդամ Մարիամ Փափազյանի հիվանդանոցային բուժումը կազմակերպվում է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում։