
ՄԱԿ-ը վերանայում է մարդասիրական ծրագրերը, քանի որ ԱՄՆ-ն կրճատում է ֆինանսավորումը
ՄԱԿ-ը ստիպված է վերանայել իր մարդասիրական ծրագրերը՝ «դժվար որոշումներ» ընդունելով դադարեցնելու «կյանք փրկող նախաձեռնությունները», քանի որ ԱՄՆ-ն կրճատում է միջազգային մարդասիրական ծրագրերի ֆինանսավորումը: Այդ մասին բրիտանական Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Թոմ Ֆլեթչերը:
«Մենք պետք է ամբողջությամբ վերանայենք մեր մարդասիրական ծրագրերը»,- ասել է նա։ Որպես օրինակ Ֆլեթչերը բերել է ՄԱԿ-ի մարդասիրական նախաձեռնությունը Կոնգոյի Դեմոկրատական հանրապետությունում, որի համար Վաշինգտոնը տրամադրել էր ֆինանսավորման երկու երրորդը:
ՄԱԿ-ն այս տարի կծախսի իր ծրագրած բյուջեի 90%-ից պակասը՝ ԱՄՆ-ի ապագա ֆինանսավորման շուրջ առկա անորոշության պատճառով. ՄԱԿ-ի բյուջեի ավելի քան 20%-ը գոյանում է Վաշինգտոնի ներդրումներից: