
ԱրարատԲանկը և «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Սույն թվականի հոկտեմբերի 9-ին ստորագրվել է համագործակցության հուշագիր ԱրարատԲանկի և «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի միջև։ Գործընկերությունը միտված է Հայաստանի սահմանամերձ և գյուղական բնակավայրերում կրթության որակի բարձրացմանը և հավասար հնարավորությունների ապահովմանը յուրաքանչյուր երեխայի համար։
Հուշագրի շրջանակում ԱրարատԲանկը ֆինանսավորում է հինգ Ուսուցիչ-առաջնորդների, որոնք դասավանդում են Վայոց ձորի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի դպրոցներում՝ «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի» Ուսուցիչների առաջնորդության երկամյա ծրագրի շրջանակում։
Այս համագործակցությունը ձևավորվել է «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի» հիմնադրամի «Ազգակերտների» ծրագրի շրջանակում, որը հնարավորություն է տալիս անհատներին և կազմակերպություններին դառնալ կրթական հավասարության իրական դաշնակիցներ։ Այս կերպ գործընկեր կազմակերպությունները նպաստում են որակյալ կրթության հասանելիությանը, համայնքային զարգացմանը և նորարարական մոտեցումների տարածմանը Հայաստանի ամենահեռավոր մարզերում։
Բացի ֆինանսական աջակցությունից, «Ազգակերտների» ծրագիրը խթանում է գործընկերների և դպրոցական համայնքների միջև համատեղ արժեքների և նպատակների ձևավորումը՝ ստեղծելով կրթական բարեփոխման շուրջ միասնական շարժում։ Հովանավորներին պարբերաբար տրամադրվում են իրենց գործընկեր դպրոցի մասին տեղեկություններ, լուսանկարներ և զեկույցներ։ Նրանց հնարավորություն է տրվում նաև ներգրավվել դպրոցի կյանքում այցելությունների կամ առցանց հանդիպումների միջոցով։
ԱրարատԲանկի Վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանը շեշտեց, որ բանկի համագործակցությունը կրթական և ազգապահպան նպատակ ունեցող կառույցների հետ պետք չէ դիտարկել միայն որպես ֆինանսական աջակցություն։ ԱրարատԲանկը կարևորում է հայ մարդու կերպարի ձևավորումը, ազգային մտածելակերպը, օրինակելի հասարակության անդամներ ունենալը և բանկի սոցիալական ծրագրերն իրականացվում են հիմնականում այս ուղղությամբ։ «ԱրարատԲանկը «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի» հիմնադրամի հետ համագործակցում է արդեն երրորդ տարին և ստորագրված հուշագիրը, ըստ էության, համագործակցության ավելի ընդլայնված ձևաչափն է։ Դա նշանակում է նաև, որ մեր կատարած աշխատանքն այս ընթացքում եղել է շատ արդյունավետ»,- համոզված է Մհեր Անանյանը։ ԱրարատԲանկի գործադիր տնօրենը հավելեց նաև, որ ստորագրված փաստաթղթից զատ ծրագրերն իրականացնելու միտք, հոգի ու նպատակ կա։ Հիմնադրամում ներգրավված նոր անդամները կրում են նույն արժեքները, որոնք այնքան կարևոր են սահմանամերձ գյուղերում աշխատելիս, երեխաներին դասավանդելիս, և տվյալ համայնքի երեխաների նոր որակի դաստիարակությունը կարող է կախված լինել հենց այդ մեկ մարդուց։
«Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Գոռ Նազարյանը նշեց, որ նման համագործակցությունները կարևոր են «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի» հիմնադրամի գաղափարական ուղղություններից մեկի՝ Ուսուցիչների առաջնորդության ծրագրի կայուն զարգացման և դրա ազդեցության ընդլայնման համար։ Նրա խոսքով՝ երբ բիզնես հատվածը և կրթական նախաձեռնությունները միավորում են ուժերը, արդյունքներն ունենում են երկարաժամկետ ազդեցություն՝ բացելով նոր հնարավորություններ երեխաների, դպրոցների և համայնքների առջև։
Նա հավելեց, որ վստահ է՝ ԱրարատԲանկի հետ այս գործընկերությունը կնպաստի կրթական հավասարության տարածմանը և կուժեղացնի հիմնադրամի աշխատանքի շարունակականությունն ու ազդեցությունը Հայաստանի տարբեր համայնքներում։
«Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի» հիմնադրամի և ԱրարատԲանկի հանուն մեկ գաղափարի միասնական գործելաոճը գալիք սերնդի հանդեպ ստանձնած պատասխանատվության վառ օրինակներից է։
ԱրարատԲանկի և «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի միջև համագործակցությունը մեկնարկել է դեռ 2022 թվականին։ Համագործակցության արդյունքում Ձորագյուղի, ապա Փոքր Մասրիկի դպրոցներ գործուղվեցին ֆիզիկա առարկայի Ուսուցիչ-առաջնորդներ, իսկ նոր, ավելի ընդլայնված համագործակցության շրջանակում մաթեմատիկա և ինֆորմատիկա դասավանդող հինգ ուսուցիչ-առաջնորդներ գործուղվել են Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Տավուշի մարզեր՝ ապահովելով երեխաների կրթության իրավունքը։
ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից