«Ջերմության մեկ գավաթ». սոցիալական ակցիա Երևանում
Վաղը՝ նոյեմբերի 30-ին, ժամը 16:00-18:00, Հյուսիսային պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում կկայանա «Ջերմության 1 գավաթ» սոցիալական ակցիան:
Ակցիայի նպատակն է հրավիրել հանրության ուշադրությունն անօթևան մարդկանց խնդիրների հանդեպ։
Երևանում այսօր տարբեր տվյալներով բնակվում է շուրջ 200 անօթևան: «Ջերմության մի գավաթ» արշավի կազմակերպիչները կոչ են անում ավելի ուշադիր լինել մեր կողքին ապրող և տարբեր պատճառներով փողոցում հայտնված մարդկանց հանդեպ. տաք ըմպելիքն ու հագուստը կարող են ջերմացնել և փոխել նրանց օրը։
Շաբաթ օրը կայանալիք միջոցառման ընթացքում ակցիայի կազմակերպիչները պատահական անցորդներին թեյ կհյուրասիրեն՝ հուսալով, որ ստացած ջերմությունը քաղաքացիներն իրենց հերթին կփոխանցեն դրա կարիքն առավել ունեցող մարդկանց։
Ակցիայի շրջանակում նշված վայրում կտեղադրվեն նաև տուփեր, որտեղ քաղաքացիները կարող են նվիրաբերել մաքուր տաք հագուստ, վերմակ, գուլպա և ձմռան ցուրտը հաղթահարելու համար անհրաժեշտ այլ պարագաներ։
Հավաքված բոլոր իրերը կփոխանցվեն «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի «Անօթևան մարդկանց ժամանակավոր օթևանի տրամադրման ծառայությունների մատուցման» ծրագրին և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Երեխաների պաշտպանության բաժին՝ համապատասխան կառույցներ փոխանցելու նպատակով։
Արշավն իրականացվում է Բրիտանական խորհրդի «Հմտություններ և մեխանիզմներ կանանց առաջխաղացման համար» ծրագրի մասնակիցների կողմից Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: