ՎիվաՍել-ՄՏՍ․ Երևանի կենդանաբանական այգում անցկացվել է «Դդմի օր-դիմակահանդես» կրթաճանաչողական տոն-մրցույթը
Երևանի կենդանաբանական այգում անցկացվել է «Դդմի օր-դիմակահանդես» կրթաճանաչողական տոն-մրցույթը: Միջոցառումը կազմակերպվել էր Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի՝ (FPWC) «Արևորդի» 5-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում: Միջոցառմանն աջակցել է հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
Այս տարի մրցույթին մասնակիցների աննախադեպ աճ էր գրանցվել: Աշնանային տոն-մրցույթին թիմերով մասնակցում էին Հայաստանի 34 տարբեր դպրոցներ ներկայացնող 10-ից 15 տարեկան շուրջ 300 աշակերտ: Պատանի խոհարարները դդմի, այլ մրգի ու բանջարեղենի ստեղծարար համադրությամբ՝ պատրաստեցին ախորժաբեր ուտեստներ Երևանի կենդանաբանական այգու համար:
Ի դեպ, մասնակիցներն այգի էին եկել տարբեր կենդանիներ խորհրդանշող հանդերձանքով. միջոցառումն ամփոփել է կենդանիների դիմակահանդես-շքերթը, որի մասնակիցներին ուղեկցում էր «Երևանյան թմբուկներ» խումբը:
Մասնակիցները մրցում էին 8 անվանակարգում: Յուրաքանչյուր անվանակարգում ժյուրին առանձնացրեց լավագույն աշխատանքները, որոնք ներկայացրել էին «Լավագույն գաղափար»՝ Երևանի Խ. Աբովյանի անվան հ. 84 հիմնական դպրոցը, «Լավագույն համադրություն»՝ Երևանի Լ. Տոլստոյի անվան հ. 128 հիմնական դպրոցը, «Լավագույն ուտեստ»՝ Երևանի Վ. Համբարձումյանի անվան հ. 17 հիմնական դպրոցը, «Լավագույն թիմային աշխատանք»՝ Երևանի Ա. Նավասարդյանի անվան հ. 196 հիմնական դպրոցը, «Արագ և որակով»՝ Կոտայքի մարզ, Թեղենիքի միջնակարգ դպրոցը, «Ամենակենդանատիպ ուտեստ»՝ Երևանի Վ. Պետրոսյանի անվան համար 51 հիմնական դպրոցը, «Ամենաէկոլոգիական մոտեցում»՝ Երևանի հ. 192 հիմնական դպրոցը, «Ամենաինքնատիպ հանդերձանք»՝ Երևանի Սիամանթոյի անվան հ. 162 հիմնական դպրոցը:
«Գյուղի միակ, ընդամենը 35 աշակերտ ունեցող դպրոցի համար մեծ ուրախություն է այսքան ոգևորված աշխատանքից հետո հարազատ գյուղ վերադառնալ մրցանակով»,-ասում է Թեղենիք գյուղի մասնակից խմբին ուղեկցող ուսուցիչը` Գոհար Մովսիսյանը: Հաղթող խմբերի անդամները որպես մրցանակ 2016 թ.-ին ` ողջ տարվա ընթացքում այգի անվճար այցելելու իրավունք ստացան: Խրախուսման նպատակով` 2016 թ.-ի հունիսին և հուլիսին Երևանի կենդանաբանական այգի անվճար այցելության հնարավորություն ստացան նաև մասնակից մյուս թիմերը: