Սահմանամերձ Բագարան գյուղում բացվեց «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիան
Հունիսի 8-ին Արմավիր մարզի սահմանամերձ Բագարան գյուղի միջնակարգ դպրոցում Ucom ընկերության հովանավորությամբ, նաև՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և «Դասավանդիր Հայաստան»-ի հետ համագործակցության արդյունքում, բացվեց հերթական «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիան։
Սահմանամերձ դպրոցի համար այդ իրադարձությունը շատ ոգևորիչ էր և ուրախալի։ Դպրոցի աշակերտները մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրում էին լաբորատորիայում տեղադրված եռաչափ 3D տպիչ սարքը և CNC-հաստոցը։
Նշենք նաև, որ աշակերտները հյուրերի համար անակնկալ էին պատրաստել․ տարբեր տարիքի երեխաներ՝ գունեղ հայկական տարազներով պարեցին «Ծաղկաձորի» պարը։ Պարին հետևեց ժապավեն կտրելու հանդիսավոր արարողությունը։
Դպրոցի տնօրենն իր շնորհակալան ելույթում հատուկ շեշտեց, որ «Արմաթ» լաբորատորիայի կարիքն ոչ միայն դպրոցն ուներ, այլև՝ ամբողջ համայքը։
ԻՏՁՄ-ի գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն աշակերտներին հորդորեց հմտանալ ծրագրավորման մեջ, որպեսզի իրենց գիտելիքներով վերջիններս կարողանան Բագարանում տեխնոլոգիական ձեռնարկություն հիմնել, ինչը թույլ կտա զարգացնել համայքի կյանքը։
«Հիմա աշխարհը փոխվել է այնքանով, որ արտադրությունը կարող է իրականանալ եռաչափ 3D տպիչի վրա։ Եվ դրա համար անպայման չէ տեղափոխվել Երևան, կամ թեկուզ՝ Փարիզ, Նյու Յորք և այլն», – հատուկ ընդգծեց Վարդանյանը։
Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ընկերությունը, սոցիալական պատասխանատվության շրջանակներում, միշտ կարևորել է Հայաստանում միջնակարգ կրթության բարելավումը։
«Օրերս մի շատ հետաքրքիր միջոցառման ժամանակ, մենք տեսանք, թե հեռավոր գյուղերից մի երիտասարդ տղա ինչպիսի արդյուքներ էր ցույց տալիս։ Եվ որպես հայկական ընկերություն, որը շուկայում հանդես է գալիս նորարական լուծումներով, ցանկանում է, որ նման լաբորատորիաների քանակն ավելանա։ Եթե Հայաստանում ունենք 2000 դպրոց, ապա լաբորատորաների քանակը գոնե պետք է համապատասխանի այդ թվին», – հավելեց Հայկ Եսայանը։
«Դասավանդի՛ր Հայաստան կրթական հիմնադրամի հիմնադիր և ղեկավար Լարիսա Հովհաննիսյանը հայտնեց, որ իրենց մասնակցության նպատակն է՝ «յուրաքանչյուրի երեխայի համար ստեղծել արդար և լավագույն կրթական հնարավորությունները»։