ԱՄՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՆՈՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿԱՐԻՔ ԿԱ
ԱՄՆ-ում վերջին երկու տարիների ընթացքում առաջին անգամ ֆինանսական կազմակերպություններում ավելացել են թափուր աշխատատեղերը: Ամերիկյան ընկերությունները վերականգնվել են ֆինանսական ճգնաժամից հետո և այժմ նոր աշխատողների կարիքն են զգում: Փետրվար ամսվա վերջից մինչև մայիս ամսվա վերջն ընկած ժամանակահատվածում ֆինանսական ոլորտում թափուր աշխատատեղերի թիվը միայն Նյու-Յորքում աճել է 6800-ով`հասնելով մինչև 429000: Այսպիսի ցուցանիշներ է ներկայացրել զբաղվածության ոլորտի վիճակագրության կոմիտեն: Ինչպես նշում է Bloomberg-ն` այս ցուցանիշները հեռու են 2007 թվականի օգոստոս ամսվա գագաթնակետից (473 800 թափուր աշխատատեղ), սակայն սա ամենանշանակալից աճն է` սկսած 2008 թվականիից:
Այսպիսով, ԱՄՆ-ում ֆինանսական ոլորտը կրկին դառնում է «որոնող շուկա»: Աշխատավարձերն աստիճանաբար վերադառնում են նախաճգնաժամային մակարդակին, իսկ գործատուները ստիպված են 30%-40%-ով ավելացնել պարգևատրումները, որպեսզի ներգրավեն աշխատողներ` մրցակից ընկերություններից: Ներկա պահին թեկնածուները ստանում են բազմաթիվ առաջարկներ, և գործատուները պետք է հնարավորինս արագ գործեն, որպեսզի ստանան այն թեկնածուին, ով իրենց հարկավոր է: