ԲԵՆ ԲԵՐՆԱՆԿԵ – ԱՄՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋՆԱՅԻՆ Է ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ
Գործազրկության մակարդակն ԱՄՆ-ում դեռևս պահպանվում է բավականին բարձր մակարդակում, և անհրաժեշտ է ձեռնարկել անհապաղ միջոցառումներ այն կրճատելու ուղղությամբ: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգի ղեկավար Բեն Բերնանկեն:
Վերջինս,ելույթ ունենալով Մ. Ֆիշերի անվան Բիզնեսի դպրոցի ուսանողների առջև, նշել է, որ գործազրկության բարձր մակարդակը կարող է իր հետևից բերել լուրջ տնտեսական և սոցիալական հետևանքներ: Բեն Բերնանկեն վստահ է` ամերիկյան տնտեսության համար առաջնային խնդիրն այսօր նոր աշխատատեղերի ստեղծումն է:
Նշենք, որ գործազրկության մակարդակն այսօր ԱՄՆ-ում տատանվում է 9,6%-ի սահմաններում:
Հատկանշական է, որ ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգի ղեկավարն իր ելույթում ձեռնպահ է մնացել վերջին ժամանակահատվածում անընդմեջ քննադատվող ամերիկյան դրամավարկային քաղաքականության շուրջ մեկնաբանություններից:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը որոշում էր ընդունել կրկին դիմել «փող տպելու սարքի» օգնությանը: Նախատեսվում է, որ մինչև 2011 թվականի երկրորդ եռամսյակն ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգը ամերիկյան երկարաժամկետ պարտատոմսերի գնմանը կհատկացնի շուրջ 600 մլրդ դոլար, ինչը նշանակում է, որ ամսական ամերիկյան տնտեսություն «կներարկվի» միջինում 75 մլրդ դոլար:
Իր այս քաղաքականությամբ ամերիկյան կառավարությունը մտադիր է արագացնել տնտեսության վերականգնման գործընթացը և նպաստել նոր աշխատատեղերի ստեղծմանը: Եվ այստեղ մտահոգիչ խնդիրն այն է, որ այս գումարները ուղղվում են ոչ թե երկրի բյուջեից, այլ լրացուցիչ թողարկման արդյունքում: