ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՄՀ-ԻՑ ԿԳՆԻ 191.3 ՏՈՆՆԱ ՈՍԿԻ
Չինաստանի կառավարությունը նախատեսում է ընդլայնել ոսկու իր պահուստները և արդեն հաստատել է Արժույթի Միջազգային Հիմնադրամից (ԱՄՀ) 191.3 տոննա ոսկի գնելու իր մտադրությունը: Նշենք, որ համաշխարհային շուկայում ոսկու գների կայունացման պայմաններում տարբեր երկրների կենտրոնական բանկեր արդեն որդեգրել են իրենց ոսկու պահուստների ընդլայման քաղաքականություն:
Հիշեցնենք, որ Արժույթի Միջազգային Հիմնադրամը (ԱՄՀ) դեռևս անցյալ տարի հաստատել էր իր ոսկու պահուստների մի մասի վաճառման ծրագիրը: Վաշինգտոնում կայացած ԱՄՀ տնօրենների խորհրդի նիստի շրջանակներում որոշում էր ընդունվել, որ միջազգային ֆինանսավարկային կազմակերպությունն իր ոսկու պահուստներից կվաճառի շուրջ 403.3 տոննա ոսկի, ընդ որում համաշխարհային շուկայում ոսկու գների տատանումից խուսափելու նպատակով ԱՄՀ-ն մտադիր է այս գործընթացն իրականացնել աստիճանաբար:
Այսպես, առաջին փուլի շրջանակներում ԱՄՀ արդեն վաճառել էր 212 տոննա ոսկի Հնդկաստանի, Մավրիկիայի և Շրի Լանկայի կենտրոնական բանկերին:
Նշենք, որ ոսկու պահուստների վաճառքի արդյունքում ներգրավված միջոցներով ԱՄՀ մտադիր է ֆինանսավորել աղքատ երկրներում իրականացվող տնտեսական ծրագրերը: