
ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՎԱՃԱՌՔՆ ԱՃԵԼ Է 15%-ՈՎ
2009 թվականի չորրորդ եռամսյակում համաշխարհային շուկայում համակարգիչների վաճառքի ծավալներն աճել են 15%-ով: Ինչպես նշվում է տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայի ուսումնասիրությամբ զբաղվող IDC ընկերության հրապարակած հետազոտական տվյալներում` հաշվետու եռամսյակում համակարգիչների շուկայում գրանցված աճն ամենաբարձրն է վերջին մեկ տարվա ընթացքում: Նշենք, որ համաշխարհային շուկայում համակարգիչների վաճառքի ծավալների աճն առավելապես պայմանավորված է սպառողների կողմից համեմատաբար էժան համակարգիչների նկատմամբ ցուցաբերած հետաքրքրվածությամբ:
2009 թփվականի չորրորդ եռամսյակի արդյունքներով համակարգիչների առավել խոշոր մատակարարներ են ճանաչվել Hewlett-Packard (HP) և Acer Inc. ընկերությունները, որոնց մասնաբաժինը համաշխարհային շուկայում կազմում է համապատասխանաբար 20,7% և 13,4%: