CREDIT AGRICOLE ԲԱՆԿԸ ՏԱՐԻՆ ՍԿՍԵԼ Է ԼԱՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ
Ֆրանսիական խոշորագույն Credit Agricole բանկը ֆինանսական տարին սկսել է լավ արդյունքներով: Այս մասին նշվում է բանկի տարածած հաղորդագորւթյան մեջ, որտեղ ներկայացված են 2009 թվականի չորրորդ եռամսյակի բանկի գործունեության ֆինանսական արդյունքները:
Այսպես, 2009 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների արդյունքներով ֆրանսիական բանկի շահույթը կազմել է 433 մլն եվրո: Նշենք, որ 2008 թվականի համապատասխան եռամսյակում բանկը կրել էր 309 մլն եվրոյի վնաս:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու եռամսյակում բանկի ֆինանսական ցուցանիշների ցածր մակարդակն առավելապես պայմանավորված է Հունաստանում գործող բանկի Emporiki մասնաճյուղի կրած վնասներով:
Նշենք, որ վերլուծաբանները հաշվետու եռամսյակի համար կանխատեսել էին շահույթի առավել բարձր մակարդակ` 476 մլն եվրոյի սահմաններում: