2009Թ.-ԻՆ DE BEERS-Ը ԱՄԼԱՍՏԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏԵԼ Է ՇՈՒՐՋ 50%-ՈՎ
Ալմաստի արդյունաբերության և վերամշակման ոլորտում համաշխարհային առաջատար De Beers ընկերությունն ամփոփել է 2009 թվականի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվատվության համաձայն հաշվետու տարվա արդյունքներով նախորդ տարվա համեմատությամբ ընկերության հասույթը կրճատվել է շուրջ 44%-ով և կազմել 3,84 մլրդ դոլար:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու տարվա ընթացքում De Beers ընկերության Diamond Trading Company դուստր ընկերության վաճառքի ծավալները կրճատվել են շուրջ երկու անգամ` կազմելով 3,23 մլրդ դոլար, ընդ որում, ինչպես նշվում է ընկերության տվյալներում, հաշվետու տարվա միայն երկրորդ կիսամյակում առաջին կիսամյակի համեմատությամբ ընկերության վաճառքի ծավալներն աճել են 24%-ով:
2009 թվականի ընթացքում, համաշխարհային շուկայում պահանջարկի կրճատմամբ պայմանավորված, De Beers ընկերությունը շուրջ 49%-ով կրճատել է արտադրության ծավալները: Նշենք նաև, որ տարվա արդյունքներով ընկերության համախառն շահույթը կրճատվել է շուրջ 4 անգամ` կազմելով 327 մլն դոլար: