ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ 27 ԵՐԿՐՆԵՐԻՑ 20-Ի ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է ՍԱՀՄԱՆՎԱԾ ՄԱԿԱՐԴԱԿԸ
Եվրամիության անդամ 27 երկրներից 20-ի պետական բյուջեի պակասուրդը գերազանցում է միասնական եվրոպական արժույթի անցած ԵՄ 16 երկրների համար սահմանված` ՀՆԱ-ի 3% սահմանաչափը: Դեռևս մեկ տարի առաջ պետական բյուջեի պակասուրդի այնպիսի ցուցանիշ, որը գերազանցում է սահմանված նորմը մի քանի անգամ, Եվրամիության անդամ երկրների զգալի մասի համար անընդունելի էր, իսկ այսօր արդեն` անխուսափելի:
Վերլուծաբանների գնահատմամբ` եվրոպական երկրների բյուջետային պակասուրդների ներկայիս ցուցանիշներն արդյունք են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում բյուջե հարկային եկամուտների կրճատման և պետական փոխառությունների ծավալի աճի, և այս դեպքում ԵՄ անդամ երկրներում բյուջետային պակասուրդի գրանցված ցուցանիշները կարելի է բնորոշել որպես ընդունելի:
Կանխատեսումների համաձայն` 2010 թվականին Եվրամիության երկրներում պետական բյուջեի պակասուրդը միջինում կսահմանվի ՀՆԱ-ի 7,5% մակարդակում: