ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՐԵՎՈՐԵԼ Է ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ
Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Ժան-Կլոդ Տրինշեն համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարման ծրագրերի մշակման գործընթացում կարևորում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի առաջարկած բարեփոխումային նախագծերը: Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի խոսքերով` այդ նախագծերը, որոնք ուղղված են ֆինանսական համակարգում լուրջ բարեփոխումների իրականացմանը, համապատասխանում են Եվրոպական ԿԲ-ի դիրքորոշմանը, և մասնավորապես այն տեսակետին, որ բարեփոխումները պետք է խթան հանդիսանան և պարտադրեն ֆինանսական ընկերություններին ֆինանսավորել տնտեսության իրական հատվածը:
ԵՎրոպական ԿԲ-ն ներկայումս քննարկում է ֆինանսական համակարգի բարեփոխումների վերաբերյալ ԱՄՆ կառավարության առաջարկությունը:
Հիշեցնենք, որ Բարաք Օբաման այս տարվա սկզբին հանդես էր եկել բանկերի ֆինանսական ռիսկերի սահմանաչափերի խստացման և բանկերի նկատմամբ նոր հարկատեսակի կիրառման առաջարկությամբ: ԱՄՆ նախագահը, մասնավորապես, առաջարկել էր սահմանափակել հեջային ֆոնդերում ներդրումներ կատարելու ֆինանսական կազմակերպությունների հնարավորությունները, ինչպես նաև չթույլատրել բանկերին իրականացնել այնպիսի առևտրային գործառնություններ, որոնք բանկերն իրականացնում են ոչ թե հաճախորդների, այլ սեփական շահերից ելնելով: