FANNIE MAE ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԵԼ Է 72 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՎՆԱՍ
Ամերիկյան առաջատար հիփոթեքային Fannie Mae ընկերությունն ամփոփել է 2009 թվականի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու տարվա արդյունքներով ընկերությունը կրել է 72 մլրդ դոլարի վնաս: Նշենք, որ 2008 թվականի արդյունքներով ընկերության կրած վնասը կազմել էր 58.8 մլրդ դոլար:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու տարվա միայն չորրորդ եռամսյակի արդյունքներով Fannie Mae ընկերության զուտ վնասը կազմել է 16.3 մլրդ դոլար` նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածում գրանցված 25.23 մլրդ դոլարի դիմաց:
Ինչպես նշվում է ընկերության հայտարարության մեջ` հաշվետու ամիսներին ընկերության հիմնական ֆինանսական ցուցանիշների անկումն առավելապես պայմանավորված է ճգնաժամի պայմաններում ԱՄՆ անշարժ գույքի շուկայում ձևավորված անկայուն իրավիճակով: