ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԱՆԿՈՒՄ
2011 թվականի փետրվար ամսվա արդյունքներով գործազրկության մակարդակը Գերմանիայում կազմել է 7,4%, ընդ որում այս մեկ ամսվա ընթացքում վերջին շուրջ տաս տարիների կտրվածքով առաջին անգամ գործազուրկների ընդհանուր թվաքանակը կրճատվել է միանգամից 52 հազարով: Փետրվար ամսվա վերջի դրությամբ Գերմանիայում հաշվառվել է 3,07 մլն գործազուրկ: Bloomberg գործակալության փոխանցմամբ` Գերմանիայում գործազրկության փաստացի ցուցանիշները զգալի գերազանցել են վերլուծաբանների կանխատեսումները: Վերջիններս ակնկալում էին գործազրկության թվաքանակի անկում` միջինը 18 հազարով:
Գերմանիայի աշխատանքի շուկայի կայունացումը, և, ընդհանրապես, տնտեսության իրավիճակի շարունակական լավացումը, որը պայմանավորված է գերմանական արտադրանքի նկատմամբ արտաքին պահանջարկի մեծացմամբ, ընդգծում է անվերջ ընդլայնվող անդունդը Եվրագոտու զարգացած և հետնապահ երկրների միջև: Եվ, որպես արդյունք, այս գործընթացն ավելի է բարդացնում Եվրոպական Կենտրոնական Բանկի կողմից որոշումների կայացման ընթացքը: