ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՓԱԹԵԹԸ ԿԿԱԶՄԻ 110 ՄԼՐԴ ԵՎՐՈ
Եվրագոտու անդամ 16 երկրների ֆինանսների նախարարների արտահերթ նիստի շրջանակներում որոշում է ընդունվել հնարավորինս կարճ ժամկետներում ակտիվացնել Հունաստանի համար նախատեսվող ֆինանսական աջակցության փաթեթը` շուրջ 110 մլրդ եվրո ընդհանուր ծավալով: Նախատեսվում է, որ 3 տարի ժամկետով ֆինանսական աջակցության ծրագրի շրջանակներում Հունաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության առաջին մասը կփոխանցվի մինչև ընթացիկ տարվա մայիսի 19-ը և կկազմի 8,5 մլրդ եվրո:
Նշենք, որ Հունաստանի աջակցության ծրագրում Եվրագոտու երկրների ընդհանուր մասնաբաժինը կազմում է շուրջ 80 մլրդ եվրո: Մնացած գումարը` 30 մլրդ եվրո ընդհանուր ծավալով, մինչև տարեվերջ կտրամադրի Արժույթի Միջազգային Հիմնադրամը (ԱՄՀ):
Հիշեցնենք, որ Հունաստանի կառավարությունը ներկայումս փորձում է լուծել պետական պարտքի սպասարկման հետ կապված խնդիրները և նախատեսում է պետական բյուջեի ծախսերի կրճատում` պետական հատվածում աշխատատեղերի կրճատման և սոցիալական ապահովության ծրագրերի ֆինանսավորման շրջանակների զսպման ճանապարհով: