ՀՈՒՆԱՍՏԱՆՆ ՈՒՆԻ ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿ ԱՄԻՍ ԺԱՄԱՆԱԿ` ԻՐ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԾԱՐԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ
Եվրամիության անդամ երկրների ֆինանսների նախարարները Հունաստանից պահանջել են առաջիկա 30 օրերի ընթացքում ներկայացնել ճգնաժամի դեմ պայքարի իր ծրագիրը և իրականացվելիք աշխատանքների հստակ ժամանակացույցը: ԵՄ երկրների ղեկավարների որոշմամբ Հունաստանն իր հակաճգնաժամային ծրագրերի հաշվետվությունը կներկայացնի ընթացիկ տարվա մայիսին, իսկ յուրաքանչյուր երեք ամիսը մեկ կպարզաբանի իրականացված աշխատանքների ընթացքը:
Հատկանշական է, որ Բրյուսելում կայացած արտահերթ խորհրդաժողովի շրջանակներում Եվրամիության անդամ երկրների ղեկավարները դեֆոլտի վտանգի եզրին հայտնված Հունաստանին ցուցաբերել են միայն բարոյական աջակցություն` նշելով, որ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում չի ուշանա նաև ֆինանսական աջակցությունը: Եվրամիության երկրները պատրաստակամություն են հայտնել ձեռնարկել համաձայնեցված և ուղղորդված կոնկրետ քայլեր, եթե Եվրամիության ֆինանսական կայունությանը սպառնացող որևէ խնդիր առաջանա:
Նշենք, որ ներկայումս եվրամիության համար որպես թույլ օղակ հանդիսանում է Հունաստանը, որտեղ պետական պարտքը հասել է ռեկորդային մակարդակի` շուրջ 294 մլն եվրոյի, որը կազմում է երկրի ՀՆԱ-ի 12.7%-ը: