ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՈՒՄ ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԲԱՆԿԵՐԸ
Հունաստանը կարող է սկսել հետաքննություն` գնահատելու համար ամերիկյան ներդրումային բանկերի մասնակցության աստիճանը Հունաստանի պարտքային ճգնաժամի ձևավորման գործընթացում: Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Գերորգիոս Պապանդրեուն` չբացառելով նաև ամերիկյան բանկերի նկատմամբ դատական հայց ներկայացնելու հավանականությունը:
Հունաստանի վարչապետի խոսքերով` ամերիկյան բանկերի նկատմամբ որոշակի քայլեր իրականացնելու վերաբերյալ վերջնական որոշում կընդունվի «հունական» ճգնաժամի պատճառների ամբողջական ուսումնասիրությունից հետո միայն:
Հիշեցնենք, որ ներկայումս Հունաստանը Եվրամիության «թույլ օղակն» է: Այս երկրի բյուջեի պակասուրդը 2009 թվականի արդյունքներով հասել էր սահմանային կետի` գերազանցելով ՀՆԱ-ի 13,6%-ը:
Հունաստանի կառավարությունը ներկայումս փորձում է լուծել պետական պարտքի սպասարկման հետ կապված խնդիրները և նախատեսում է պետական բյուջեի ծախսերի կրճատում` պետական հատվածում աշխատատեղերի կրճատման և սոցիալական ապահովության ծրագրերի ֆինանսավորման շրջանակների զսպման ճանապարհով: