ՉՈՐՍ ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՈՒՆԱՍՏԱՆԻՆ ՀԱՋՈՂՎԵԼ Է ԿՐՃԱՏԵԼ ԵՐԿՐԻ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ՇՈՒՐՋ 42%-ՈՎ
Բյուջետային լուրջ խնդիրների առջև հայտնված Հունաստանին հաջողվել է 2010 թվականի առաջին չորս ամիսների ընթացքում կրճատել երկրի բյուջետային պակասուրդը շուրջ 42%-ով: Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուի խոսքերով` բյուջեի պակասուրդի նախատեսվող կրճատմանը զուգընթաց Հունաստանը մտադիր է առաջիկայում վերադառնալ ֆինանսական շուկա և ներգրավել նոր փոխառություններ:
Հիշեցնենք, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում Հունաստանը հայտնվել էր բավականին լուրջ բյուջետային խնդիրների առջև և ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով դիմել էր Արժույթի Միջազգային Հիմնադրամին (ԱՄՀ) և Եվրամիությանը:
Մայիսի 2-ին այս երկու կառույցները հաստատել էին Հունաստանի ֆինանսական աջակցության փաթեթը` 110 մլրդ եվրո ընդհանուր ծավալով: Նախատեսվող ֆիանսական աջակցության դիմաց Հունաստանը պարտավորվել է կրճատել երկրի ՀՆԱ-ի 13%-ը գերազանցող բյուջետային պակասուրդը և 2014 թվականին սահմանել այն ՀՆԱ-ի 4,9% մակարդակում: