
ԵՄ-Ը ԵՎ ԱՄՀ-Ն ԿԳՆԱՀԱՏԵՆ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԸ
Եվրահանձնաժողովի, Եվրոպական Կենտրոնական բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետները կգնահատեն Հունաստանի առաջընթացը: Դրական եզրակացության դեպքում Հունաստանը փետրվարին կստանա չորրորդ վարկը` 15 միլիարդ դոլար ընդհանուր ծավալով:
Այս այցի շրջանակներում Հունաստանի Ֆինանսների նախարարի հետ կտարվեն նաև բանակցություններ մի շարք հարցերի շուրջ: Կքննարկվեն պետական կազմակերպությունների, բանկերի, պետական կառավարման համակարգի բարեփոխումները և շուկայի ազատականացման ուղղությունները:
Հիշեցնենք, որ Հունաստանը հայտնվել էր ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում դեռևս 2009 թվականին աշնանը, երբ երկրի պետական բյուջեի պակասուրդը հատեց այս երկրի համար ռեկորդային` ՀՆԱ-ի 12%-ի սահմանագիծը: Հետագայում, hամաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված, Հունաստանի պարտքային խնդիրներն էլ առավել սրվեցին, և երկրի կառավարությունը ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով դիմեց Արժույթի Միջազգային Հիմնադրամին (ԱՄՀ) և Եվրամիությանը:
2010 թվականի մայիսի 2-ին այս երկու կառույցները հաստատեցին Հունաստանի ֆինանսական աջակցության փաթեթը` 110 մլրդ եվրո ընդհանուր ծավալով: Նախատեսվող ֆիանսական աջակցության դիմաց Հունաստանը պարտավորվել է կրճատել երկրի բյուջետային պակասուրդը և 2014 թվականին սահմանել այն ՀՆԱ-ի 4,9% մակարդակում: