INTEL-Ն AMD-ԻՆ ԿՎՃԱՐԻ 1.25 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Համակարգիչների արտադրությամբ առաջատար ամերիկյան Intel ընկերությունը պարտավորվել է AMD ընկերությանը վճարել 1.25 մլրդ դոլար և պահպանել բիզնեսի վարման բոլոր կանոնները, որի դիմաց AMD-ն կհրաժարվի ընկերության դեմ ներկայացրած իր մեղադրանքներից: Այս երկու ընկերությունների միջև կնքված համաձայնագրով նախատեսվում է նաև, որ Intel և AMD ընկերությունները կփոխանակեն որոշ արտադրատեսակների նկատմամբ հեղինակային իրավունքները:
Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին Եվրահանձնաժողովը միկրոպրոցեսորներ արտադրող խոշորագույն Intel ընկերությանը մեղադրել էր եվրոպական հակամենաշնորհային օրենսդրության խախտման համար: Ինչպես նշվում էր Եվրահանձնաժողովի հրապարակած տվյալներում` Intel ընկերությունը Եվրոպայում համակարգչային տեխնիկայի վաճառքով զբաղվող ընկերություններին իր արտադրանքի վաճառման համար տրամադրել է որոշակի արտոնություններ, ինչով և խախտել է AMD ընկերության հետ ազատ մրցակցության պայմանները: