ԻՌԼԱՆԴԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՎԱՃԱՌՔԻ
Իռլանդական բանկերին սպասվում է վերակազմավորում, որի շրջանակներում այս բանկերում կմեկնարկեն միաձուլման գործընթացներ կամ վերջիններս կներկայացվեն վաճառքի: Իռլանդական կառավարության պաշտոնական հայտարարության համաձայն, նման պահանջ են ներկայացրել Եվրամիությունը (ԵՄ) և Արժույթի Միջազգային Հիմնադրամը (ԱՄՀ)` տրամադրվող ֆինանսական աջակցության դիմաց:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Իռլանդիան պաշտոնապես դիմել էր ԵՄ և ԱՄՀ աջակցությանը, և այս կառույցները որոշում էին ընդունել Իռլանդիայի տնտեսության խթանման նպատակով որպես ֆինանսական աջակցություն այս երկրին տրամադրել շուրջ 90 մլրդ եվրո:
Վերջին տարիների ընթացքում իռլանդական բանկերը մեծ ակտիվությամբ ներդրումներ էին կատարում ինչպես իրենց երկրի, այնպես էլ այլ երկրների անշարժ գույքի շուկաներում, որի արդյունքում, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված, այս բանկերը կրեցին զգալի վնասներ: Այսօր արդեն երկրի կառավարությունը փորձում է աջակցություն ցույց տալ ֆինանսական լուրջ խնդիրների առջև հայտնված բանկերին: