FSA – LEHMAN BROTHERS ԲԱՆԿԻ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂՅԱԿ ՉԻ ԵՂԵԼ ԿԵՂԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻՑ
Բոլոր այն գործարքները, որոնք օգնել են Lehman Brothers բանկին կեղծել ֆինանսական հաշվետվությունները, արդյունք են ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում թղթակցային հաշիվների վարման սկզբունքների տարբերության, և բրիտանական վերահսկող մարմինները չեն մեղադրում ամերիկյան բանկի բրիտանական ներկայացուցչության աշխատակիցներին: Նման հայտարարությամբ են հադես եկել Մեծ Բրիտանիայում ֆինանսական ոլորտի վերահսկողական FSA կառույցի վերլուծաբանները:
Հիշեցնենք, որ վերջերս ամերիկյան ներդորւմային Lehman Brothers բանկի սննկացման գործընթացը ուսումնասիրող դատական վերլուծաբանները հրապարակել էին հատուկ զեկույց, որտեղ ասվում էր, որ բանկը երկար տարիներ շարունակ զբաղվել է փաստերի և տեղեկատվության կեղծմամբ` իրականացնելով փողերի անօրինական փոխանցումներ և կեղծ ֆինանսական այլ գործարքներ:
Աուդիտորական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Lehman Brothers բանկը ֆինանսական լուրջ խնդիրների է ունեցել դեռևս 2001 թվականից, և այդ խնդիրները շղթայական կերպով անընդմեջ ավելացել են, սակայն բանկի ղեկավարության «արդյունավետ» քաղաքականության շնորհիվ դրանք մնացել են անհայտ:
2008 թվականի սեպտեմբերին Lehman Brothers բանկը հայտարարել էր սննկացման մասին` իր ետևից դեպի անկումը տանելով ամերիկյան ողջ ֆինանսական համակարգը: