ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱ – TARP ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԿՈՒՂՂՎԵՆ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻՆ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է երկրում գործազրկության մակարդակի կրճատմանն ուղղված ծրագրերը ֆինանսավորել խնդրահարույց ակտիվների գնման հակաճգնաժամային ծրագրի (TARP) այն միջոցներով, որոնք դեռևս չեն օգտագործվել:
Դեռևս չի հստակեցվում, թե TARP ծրագրի համար նախատեսված և դեռևս չսպառված 200 մլրդ դոլարի որ մասը կհատկացվի գործազրկության կրճատմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանն ուղղված ծրագրերին, սակայն որոշ կանխատեսումների համաձայն այդ գումարը կարող է տատանվել 100-150 մլրդ դոլար սահմաններում:
Նշենք, որ նոր աշխատատեղերի ստեղծման ծրագրերի շրջանակներում ԱՄՆ նախագահի վարչակազմը մտադիր է ֆինանսական աջակցություն տրամադրել փոքր և միջին բիզնեսին, ինչպես նաև խթանել երկրում ենթակառուցվածքների զարգացումը: