ՊԱՐՍԻՑ ԾՈՑԻ ԵՐԿՐՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՍՏԵՂԾԵԼ ԵՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
Պարսից ծոցի չորս երկրներ` Քուվեյթը, Սաուդիան Արաբիան, Բահրեյնը և Քաթարը, ստեղծել են արժութային միություն: Այս մասին հայտարարել է Քուվեյթի ֆինանսների նախարար Մուստաֆա ալ-Շիմալին: Նա նշել է, որ արաբական երկրների միացյալ արժութային համակարգի ստեղծման և այդ համակարգի գործունեությունը կարգավորող մարմնի գործունեության հիմնական սկզբունքների հաստատման ուղղությամբ համապատասխան վերջնական համաձայնագրերն արաբական այս չորս երկրների միջև արդեն ստորագրված են:
Սաուդիան Արաբիան, Բահրեյնը, Քուվեյթը և Քաթարն դեռևս այս տարվա հունիսին ձեռք էին բերել միասնական արժույթի ստեղծման նախնական պայմանավորվածություն, որի համաձայն նախատեսվում էր մինչև տարեվերջ արժութային խորհրդի ստեղծում, որը կիրականացնի այս երկրների միջև արժութային հարաբերությունների կարգավորում և վերահսկողություն: Նախատեսվում էր նաև Սաուդիան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում Պարսից ծոցի Կենտրոնական բանկի ստեղծում:
Հիշեցնենք, որ արժույթային միության ստեղծման վերբերյալ որոշումն ընդունվել էր դեռևս մի քանի տարի առաջ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամ երկրների կողմից, մասնավորապես այդ նախագծի իրականացմանը մասնակցելու մտադրություն էին հայտնել Սաուդիան Արաբիան, ԱՄԷ-ն, Քուվեյթը, Քաթարը, Օմանը և Բահրեյնը: Ներկա դրությամբ արդեն երկու երկրներ` Օմանը և ԱՄԷ-ն, հրաժարվել են մասնակցել արժույթային միության ստեղծման գործընթացին: Որոշ վերլուծաբանների գնահատմամբ դա կարող է էականորեն ազդել Պարսից ծոցի երկրների դրամային կայունության ապահովման և արաբական արժույթային միության արդյունավետ գործունեության վրա: