ՔԵՆԵԹ ՌՈԳՈՖ – ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԴԵՖՈԼՏԻ ԵԶՐԻՆ ԿԿԱՆԳՆԵՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԻ ՇԱՐՔ ԵՐԿՐՆԵՐ
Ներկայիս համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում մի շարք երկրներ կարող են կանգնել դեֆոլտի եզրին: Նման կարծիք է հայտնել ամերիկացի հայտնի վերլուծաբան և Արժույթի Միջազգային Հիմնադրամի նախկին գլխավոր տնտեսագետ Քենեթ Ռոգոֆը` ելույթ ունենալով Տոկիոյում ընթացող բանկային կոնֆերանսի շրջանակներում:
Ամերիկացի տնտեսագետի խոսքերով` բանկային ոլորտում ճգնաժամը միշտ էլ հանգեցնում է երկարաժամկետ պարտքային խնդիրների, ինչը նշանակում է, որ այս անգամ նույնպես առաջիկա տարիների ընթացքում աշխարհի մի շարք երկրներ կարող են կանգնել դեֆոլտի եզրին:
Քենեթ Ռոգոֆն, անդրադառնալով Հունաստանի ֆինանսատնտեսական խնդիրներին, որոնք լուրջ մտավախություն են առաջացրել Եվրամիության անդամ մյուս երկրների մոտ, նշել է, որ Հունաստանում նկատվող միտումները դեռևս սկիզբ են այն բոլոր խնդիրների, որոնք կարող են առաջանալ ճգնաժամի պատճառով:
Քենեթ Ռոգոֆն իր ելույթում նաև նշել է, որ ներկա պայմաններում երկրները գտնվում են այնպիսի իրավիճակում, երբ առավել նպատակահարման է սահմանափակել տնտեսության խթանմանն ուղղված միջոցառումները և պահպանել մեղմ դրամավարկային քաղաքականության սկզբունքները` միևնույն ժամանակ անցում կատարելով զսպող հարկաբյուջետային քաղաքականության, անգամ եթե այս քաղաքականությունը նպաստի գնաճային սպասումներին: