S&P ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՎԱՐԿԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼ Է BBB+/A-2 ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ
Միջազգային վարկանիշային Standard & Poor”s (S&P) գործակալությունը Հունաստանի երկարաժամկետ և կարճաժամկետ սուվերեն վարկային վարկանիշները սահմանել է BBB+/A-2 մակարդակում, իսկ վարկանիշների կանատեսվող մակարդակը բնորոշել է որպես «բացասական»:
Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է գործակալության տարածած հաղորդագրության մեջ` Հունաստանն այլևս ընդգրկված չէ վարկանիշային գործակալության CreditWatch ցուցակում, որտեղ այն հայտնվել էր 2009 թվականի դեկտեմբերի` գործակալության վատատեսական սպասումների արդյունքում:
Հիշեցնենք, որ 2010 թվականի մարտի 5-ին Հունաստանի կառավարությունը հաստատել էր հակաճգնաժամային ծրագրերի նոր փաթեթ` ուղղված երկրի պետական բյուջեի պակասուրդի կրճատմանը: Նախատեսվում է, որ մինչև տարեվերջ Հունաստանի պետական բոյւջեի պակասուրդի հարաբերակցությունը երկրի ՀՆԱ-ին կկրճատվի շուրջ 4 տոկոսային կետով` կազմելով ՀՆԱ-ի 8,7%-ը: