
ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆՆԵՐՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆ ՇԱՔԱՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳՆԻ ԱՆԿՈՒՄ
Շաքարի համաշխարհային արտադրության համախառն ծավալն առաջիկա 12 ամիսների ընթացքում կարող է զգալի գերազանցել պահանջարկը: Նման կանխատեսում է ներկայացնել Kingsman SA վերլուծական ընկերությունը: Ինչպես Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում նշել են վերլուծական ընկերության ներկայացուցիչները` շաքարի արտադրությամբ համաշխարհային առաջատար երկրները` Բրազիլիան և Հնդկաստանը, նախատեսում են շաքարի արտադրության ծավալների ավելացում, ինչը կարող է ավելցուկային իրավիճակ ստեղծել շաքարի համաշխարհային շուկայում:
Նշենք, որ այս տարվա ընթացքում վերջին չորս տարիների կտրվածքով առաջին անգամ գրանցվել է շաքարի գների անկում, և այս պայմաններում հավանական է, որ պարենային ապրանքների գները որոշակիորեն կրճատվեն: Հիշեցնենք, որ հունվարին համաշխարհային շուկայում պարենային ապրանքների գները, World Food Price ինդեքսի ցուցանիշներով, հասել էին ռեկորդային մակարդակին: