
2010Թ.-ԻՆ ՈՍԿՈՒ ԳԻՆԸ ԿՆՎԱԶԻ 25%-ՈՎ, ԻՍԿ ՅՈՒԱՆԸ ԿԱՐԺԵԶՐԿՎԻ
Դանիական Saxo Bank-ը հրապարակել է իր ամենամյա զեկույցը, որտեղ ներկայացված են համաշխարհային տնտեսությունում հնարավոր 10 այնպիսի զարգացումներ, որոնք կարող են խախտել բորսաների բնականոն գործունեությունը 2010 թվականին: Բանկի ամենամյա զեկույցում ներկայացված կանխատեսումներում նշվում է, որ 2010 թվականն ընթացիկ տարվա համեմատությամբ կբնութագրվի առավել դրական միտումներով, սակայն հաջորդ տարվա համար պետք չէ ակնկալել կայունություն:
Saxo Bank-ը կանխատեսում է.
Վերջին 34 տարիների ընթացքում առաջին անգամ ԱՄՆ առևտրային հաշվեկշիռը կբնութագրվի դրական մնացորդով: Ամերիկյան դոլարը ներկա դրությամբ բավականին էժան է որպեսզի խթանի արտահանումը, և այս միտումն առավել մեծ դրսևորում կարող է ստանալ 2010 թվականին` ապահովելով առևտրային հաշվեկշռի դրական մնացորդ:
Սոցիալական ապահովության ամերիկյան հիմնադրամը (US Social Security Trust Fund) կսննկանա: Ամերիկյան սոցիալական ապահովության հիմնադրամի սննկացումը ոչ թե կանխատեսում է, այլ առաջիկայում սպասվող և մաթեմատիկորեն հիմնավորված երևույթ: 2010 թվականին առաջին անգամ սոցիալական ապահովության հիմնադրամը մասնակիորեն կֆինանսավորվի պետական ընդհանուր նշանակության ֆոնդից, իսկ սոցիալական նպաստների մնացյալ մասն էլ հնարավոր կլինի վճարել հարկերի բարձրացման, փոխառությունների ընդհանուր ծավալի ավելացման կամ էմիսիայի հաշվին:
Ոսկու գինը 2010 թվականին կնվազի մինչև 870 դոլար և կաճի մինչև 1500 դոլար արդեն 2014 թվականին: Համաշխարհային տնտեսության ներկայիս միտումները կապահովի ոսկու գնի աճ մինչև 1500 դոլար առաջիկա 5 տարիների ընթացքում:
TSE Small ինդեքսը կաճի 50%-ով: 2010 թվականը փոքր և միջին բիզնեսի համար նոր հնարավորությունների և արագ զարգացման տարի է:
Եկամտաբերությունը Գերմանիայի գանձապետարանի պարտավորությունների գծով կկրճատվի մինչև 2.25%: Գերմանիայի կառավարության դրամավարկային քաղաքականությունը և գների անկումային դրսևորումները կկրճատեն Գերմանիայի գանձապետարանի պարտավորությունների եկամտաբերությունը:
Դոլարի նկատմամբ չինական յուանի փոխարժեքը կնվազի: Տնտեսության խթանմանը և առավելապես վարկավորման ծավալների ընդլայնմանն ուղղված չինական կառավարության միջոցառումները կարող են հանգեցնել դոլարի նկատմամբ չինական յուանի արժեզրկման:
Դոլարի փոխարժեքը յենի նկատմամբ կաճի և կսահմանվի մեկ դոլարը 110 յեն մակարդակում: Յենի ներկայիս միտումները չեն արտահայտում Ճապոնիայի տնտեսության իրական զարգացումները և Ճապոնիայի ազգային արժույթի կայունացման գործընթացը կշարունակվի:
Շաքարի գինը կկրճատվի մեկ երրորդով: Այս տարի Հնդկաստանում երաշտի և Բրազիլիայում անձրների պակասի պատճառով շաքարի գինը համաշխարհային շուկայում գրանցել է ռեկորդային աճ, սակայն 2010 թվականին շաքարի նկատմամբ պահանջարկը հնարավոր կլինի ամբողջությամբ բավարարել:
Vix ինդեքսը կկրճատվի մինչև 14 կետ: Բորսաների կայունությունը բնութագրող Vix ինդեքսը 22,32 կետից կկրճատվի մինչև 14 կետ:
ԱՄՆ հասարակությունը կստեղծի երրորդ քաղաքական կուսակցությունը: Ներկայիս քաղաքական զարգացումներից դժգոհ ամերիկյան հասարակությունը ձեռնամուխ կլինի նոր քաղաքական կուսակցության ստեղծմանը, որը մեծ կարևորություն կունենա 2010 թվականին Կոնգրեսի ընտրությունների ժամանակ: