ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆ ԳՐԱՆՑԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԻ 10% ԱՃ
Սինգապուրի ֆոնդային բորսան (SGX), որն Ասիայի խոշորագույն առևտրային հարթակներից մեկն է, ամփոփել է 2011 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակած ամփոփ ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ բորսայի զուտ շահույթը կրճատվել է շուրջ 10%-ով: Հաշվետու այս երեք ամիսների արդյունքներով Սինգապուրի ֆոնդային բորսայի զուտ շահույթը կազմել է 67 մլն սինգապուրյան դոլար (54 մլն դոլար)` նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածում գրանցված 74 մլն սինգապուրյան դոլարի դիմաց:
Հատկանշական է, որ Սինգապուրի ֆոնդային բորսան իր առաջիկա ծրագրերում նախատեսում է ընդլայնել իր գործունեության շրջանակները և գնել ու միավորել տարբեր երկրներում գործող մի քանի ֆոնդային բորսաներ: Նշենք, որ վերջերս Սինգապուրի ֆոնդային բորսան այս ուղղությամբ բանակցություններ էր վարում Ավստրալիայի ֆոնդային բորսայի հետ (ASX): Այս բանակցությունները, սակայն, սինգապուրյան կողմի համար դրական արդյունք չտվեցին: Ավստրալիայի ֆինանսների նախարարությունը, որը և հանդիսանում է այս երկրի ֆոնդային բորսայի խոշոր բաժնետերը, հրաժարվեց իր մասնաբաժինն առաջարկվող 8.3 մլրդ դոլարով վաճառել Սինգապուրի ֆոնդային բորսային: