
ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴՈՒՆ ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ ՄԵԿ ՄԼՐԴ ԱՄՆ ԴՈԼԱՐՈՎ
Մեքսիկայի Դաշնային մրցակցության հանձնաժողովը մեկ մլրդ դոլար տուգանք է սահմանել հայտնի Radiomovil Dipsa բջջային ընկերության նկատմամբ, որը պատկանում է միլիարդատեր Կարլոս Սլիմին: Ստեղծման պահից ի վեր՝ 1993թ., սա Դաշնային հանձնաժողովի կողմից սահմանված ամենամեծ տուգանքն է:
Հանձնաժողովը գտնում է, որ Radiomovil Dipsa ընկերությունը, հանդիսանալով Լատինական Ամերիկայի հայտնի բջջային հեռախոսակապի օպերատորի՝ America Movil-ի դուստր ընկերությունը, պարբերաբար անհիմն բարձրացնում է իր կողմից մատուցվող որոշ ծառայությունների սակագները: Հատկանշական է, որ America Movil և Telcel ընկերությունները հերքել են իրենց ներկայացված մեղադրանքները և հայտարարել, որ իրենց շահերը պաշտանելու համար կդիմեն դատարան:
Նշենք, որ 2010թ. արդյունքներով Կարլոս Սլիմը պահպանել է աշխարհի ամենահարուստ մարդու կոչումը: Նրա կարողությունը գնահատվում է 74 մլրդ ԱՄՆ դոլար: Սլիմի եկամտի հիմնական աղբյուրը համարվում է Մեքսիկայի և Լատինական Ամերիկայի երկրների հեռահաղորդակցության շուկան: