S&P – ՀՈՒՆԱՍՏԱՆՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԻ ՉԷ
Standard & Poor”s միջազգային վարկանիշային գործակալությունը իջեցրել է Հունաստանի վարկանիշը` միաժամանակ հայտարարելով, որ Հունաստանն արժանի չէ վարկավորման: Գործակալության կողմից ներկայացված վարկանիշային ցուցակում Հունաստանի վարկանիշը В-ից իջեցվել է մինչև ССС մակարդակ:
Ի պատասխան Standard & Poor”s գործակալությանը` Հունաստանի կառավարությունը հայտարարել է, որ վարկանիշային գործակալությունն ընդունել է «սխալ» որոշում. Գործակալության վերլուծաբանների կողմից անտեսվել են ճգնաժամից դուրս գալու նպատակով երկրի կողմից իրականացվող միջոցառումները:
Հիշեցնենք, որ Հունաստանն` իր ֆինանսական խնդիրներով, հայտնվել էր ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում դեռևս 2009 թվականին աշնանը, երբ երկրի պետական բյուջեի պակասուրդը հատեց այս երկրի համար ռեկորդային` ՀՆԱ-ի 12%-ի սահմանագիծը: Հետագայում, hամաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված, Հունաստանի պարտքային խնդիրներն էլ առավել սրվեցին, և երկրի կառավարությունը ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով դիմեց Արժույթի Միջազգային Հիմնադրամին (ԱՄՀ) և Եվրամիությանը: Ֆիանսական աջակցության դիմաց Հունաստանը պարտավորվել է կրճատել երկրի բյուջետային պակասուրդը և 2014 թվականին սահմանել այն ՀՆԱ-ի 4,9% մակարդակում:
Նշենք, որ 2010թ.-ին Հունաստանին ԱՄՀ-ի և ԵՄ-ի կողմից տրամադրվել է 110 մլրդ դոլարի վարկ` երեք տարի մարման ժամկետով:
Ներկայումս քննարկվում է Հունաստանին նոր ֆինանսական աջակցության տրամադրման անհրաժեշտության հարցը: