ԻՍՊԱՆԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ԿԱԶԳԱՅՆԱՑՎԵՆ
Իսպանիայում նախատեսվում է մասնակիորեն պետության ենթակայությանը փոխանցել ֆինանսական տեսանկյունից թույլ որոշ խնայողական բանկեր: Ենթադրվում է, որ Իսպանիայի կառավարությունը սկզբնապես կպահանջի, որպեսզի ազգայնացված խնայբանկերը ցուցակագրվեն ֆոնդային շուկայում: Իր այս քայլով իսպանիայի կառավարությունը կփորձի ապացուցել, որ իսպանական խնայբանկերը մրցունակ են:
Նախատեսվում է, որ բոլոր այն բանկերը, որոնք չեն կարող միջոցներ ներգրավել ներդրողներից, Իսպանիայի Բանկերի վերակազմավորման հիմնադրամից կստանան օգնություն, և դրա դիմաց «կվճարեն» սեփական բաժնետոմսերով:
Բանկերի վերակազմավորման ծախսերը գնահատվում են 17-120 միլիարդ եվրո:
Պետք է նշել, որ երկրի իշխանությունները ներկայումս ակտիվորեն կրճատում են երկրի բյուջեի պակասուրդը: Այս կերպ Իսպանիան փորձում է համոզել ներդրողներին, որ ինքը ստիպված չի լինի դիմել արտաքին ֆինանսական օգնության: