STARBUCKS-Ի ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԳՐԵԹԵ ԵՌԱՊԱՏԿՎԵԼ Է
Ամերիկյան Starbucks Corp. սրճարանային ցանցն ամփոփել է 2009-2010 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ինչպես նշվում է ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվությունում` հաշվետու եռամսյակում, որն ավարտվել է 2009 թվականի դեկտեմբերի 27-ին, ընկերության զուտ շահույթը տարեկան կտրվածքով գրանցել է շուրջ 275,6% աճ` կազմելով 241,5 մլն դոլար: Նախորդ ֆինանսական տարվա համապատասխան եռամսյակում Starbucks ընկերության զուտ շահույթը կազմել էր 64,3 մլն դոլար:
Հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ ֆինանսական տարվա առաջին եռամսյակում ընկերության հասույթն աճել է 4,1%-ով և կազմել 2,72 մլրդ դոլար` նախորդ տարվա 2,61 մլրդ դոլարի դիմաց, իսկ ընկերության գործառնական շահույթն այս երեք ամիսների ընթացքում աճել է 199,6%-ով և կազմել 352,6 մլն դոլար:
Starbucks-ը աշխարհի խոշորագույն սրճարանային ցանցն է, որն իր գործունեությունն է ծավալի ավելի քան 40 երկրներում: