
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ – ԵՎՐՈՆ ԿԱՅՈՒՆ ԱՐԺՈՒՅԹ Է
Եվրագոտու ներկայիս ճգնաժամը կապված է ոչ թե եվրոպական միացյալ արժույթի, այլ եվրոպական ֆինանսական համակարգի անկայունության հետ: Նման հայտարարություն է արել Եվրոպական Կենտրոնական բանկի նախագահ Ժան-Կլոդ Տրիշեն: Նա նշել է, որ անհեթհեթություն է որոշ տնտեսագետների` Եվրագոտու փլուզման կամ դրանից որոշ երկրների դուրս գալու վերաբերյալ պնդումները:
Տրիշեն մասնավորապես նշել է, որ չնայած Եվրագոտու անդամ որոշ երկրներ ունեն լուրջ ֆինանսական խնդիրներ, եվրոն շարունակում է մնալ կայուն արժույթ:
Միևնույն ժամանակ, Տրիշեն կոչ է արել Եվրագոտու երկրների կառավարություններին` ձեռնարկել համապատասխան միջոցներ` պետական ծախսերը կրճատելու և ֆինանսական համակարգը կայունացնելու համար: