ՈՒԳՈ ՉԱՎԵՍՆ ԱՐԳԵԼԵԼ Է ՄԱՍՆԱՎՈՐ ԲՐՈՔԵՐՆԵՐԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Վենեսուելայի կառավարությունն ընդունել է երկրում արժութային հարաբերությունների կարգավորման վերաբերյալ նոր որոշում, ըստ որի կդադարեցվի Վենեսուելայի տարածքում գործող բոլոր այն մասնավոր բրոքերային ընկերությունների գործունեությունը, որոնք իրականացնում են արտարժույթի փոխանակման գործառունություններ: Այս նոր որոշման համաձայն արտարժութային և արժեթղթերի հետ կապված բոլոր գործառնությունները երկրում կիրականացվեն Վենեսուելայի Կենտրոնական բանկի անմիջական վերահսկողությամբ:
Հիշեցնենք, որ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը վերջերս մեղադրել էր երկրի մասնավոր բրոքերային ընկերություններին սպեկուլյացիոն գործողությունների մեջ, ինչի արդյունքում գրանցվել էր Վենեսուելայի ազգային արժույթի` բոլիվարի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքի աճ: Վենեսուելայի «սև» շուկայում դոլարի փոխարժեքը զգալի գերազանցում է պաշտոնապես սահմանված մակարդակը:
Ուգո Չավեսը նաև նշել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է ֆինանսական շուկայից ամբողջապես դուրս մղել մասնավոր բրոքերային ընկերություններին: