ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ԱՄՆ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԿԱԶՄԵԼ Է 150 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
2010թ.-ի նոյեմբերին ԱՄՆ-ի դաշնային բյուջեի պակասուրդը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30 միլիարդ դոլարով և կազմել է 150 միլիարդ դոլար: ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն` հաշվետու ժամանակահատվածում բյուջետային ծախսերն աճել են 45 միլիարդ դոլարով, իսկ եկամուտները` 15 միլիարդ դոլարով:
Հատկանշական է, որ ԱՄՆ բյուջեի նոյեմբերյան պակասուրդն առավելագույն է նախորդ տարիների համեմատությամբ: Այս մեկ ամսվա ընթացքում բյուջետային ծախսերը կազմել են 299 մլրդ դոլար, իսկ եկամուտները` 149 մլրդ դոլար: 2010-2011 ֆինանսական տարվա առաջին երկու ամիսների կտրվածքով ԱՄՆ բյուջեի պակասուրդը կազմել է 291 մլրդ դոլար:
Օգոստոսին ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային հանձնաժողովը ընթացիկ ֆինանսական տարվա համար կանխատեսել էր 1,066 տրիլիոն դոլար բյուջեի պակասուրդ, իսկ նախագահի աշխատակազմը` 1,416 տրիլիոն դոլար:
Նախորդ տարի բյուջեի պակասորդը կազմել էր 1,294 տրիլիոն դոլար: