2009Թ.-ԻՆ ԱՄՆ-ԻՑ ԿԱՊԻՏԱԼԻ ԶՈՒՏ ԱՐՏԱՀՈՍՔԸ ԿԱԶՄԵԼ Է 279,3 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
2009 թվականի արդյունքներով կապիտալի զուտ արտահոսքի ծավալներն ԱՄՆ-ում հասել են 279,3 մլրդ դոլարի, այն դեպքում, երբ նախորդ տարվա արդյունքներով այս երկրում գրանցվել էր կապիտալի ներհոսք` 664,8 մլրդ դոլարի սահմաններում:
Ինչպես նշվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալներում` 2009 թվականի միայն դեկտեմբեր ամսվա ընթացքում կապիտալի զուտ ներհոսքի ծավալները կազմել են 60,9 մլրդ դոլար` նախորդ ամսվա համեմատությամբ աճելով շուրջ երկու անգամ:
Նշենք նաև, որ դեկտեմբեր ամսվա ընթացքում ներդրողները ձեռք են բերել ամերիկյան երկարաժամկետ պարտատոմսեր` 82,2 մլրդ դոլար ընդհանուր ծավալով, այն դեպքում, երբ նոյեմբեր ամսվա արդյունքներով այս ցուցանիշը կազմել էր 128,9 մլրդ դոլար:
Նշենք նաև, որ հաշվետու ամսվա արդյունքներով ԱՄՆ պետական գանձապետական պարտատոմսերի գնումների իր ծավալներով առաջատար է Ճապոնիան: Վերջինիս պատկանում են 769 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ ամերիկյան պարտատոմսեր:
Չինաստանը, որը մի քանի ամիս շարունակ այս ոլորտում առաջատար էր, իր տնօրինության տակ գտնվող ամերիկյան պետական պարտատոմսերի ծավալները կրճատել է մինչև 755,4 մլրդ դոլար, և այսպիսով զիջել իր դիրքերը: