ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ
ԱՄՆ բնակչության եկամուտների համախառն ծավալն այս տարվա սեպտեմբերին նախորդ ամսվա համեմատությամբ կրճատվել է 0,1%-ով: ԱՄՆ առևտրի նախարարության հրապարակած պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն, երկրում բնակչության եկամուտների ամսական կտրվածքով անկում գրանցվում է վերջին մեկ տարվա ընթացքում առաջին անգամ: Նշենք նաև, որ հաշվետու այս մեկ ամսվա արդյունքներով ամերիկացիների ծախսերի ընդհանուր մակարդակն աճել է 0,2%-ով:
Վերլուծաբանների գնահատմամբ` ԱՄՆ բնակչության եկամուտների անկումը խոսում է այն մասին, որ ամերիկյան տնտեսությունը դեռևս գտնվում է ծանր վիճակում և բնակչության վստահությունը ամերիկյան տնտեսության արագ վերականգնման հարցում դեռևս բավականին անկայուն է:
Նշենք նաև, որ սեպտեմբեր ամսվա արդյունքներով ամերիկացիների աշխատավարձերի միջին մակարդակը չի փոփոխվել, իսկ խնայողության նորմը 5,6%-ից նվազել է մինչև 5,3%: