«ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ ԱՄԻՕ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ ՂՐՂԶՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՀԵՏ
«Գրանթ Թորնթոն Ամիօ» ընկերությունը` Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի հայաստանյան անդամը, հուլիսի 13-ին պայմանագիր է կնքել Ղրղզստանի Կենտրոնական բանկի հետ` 2009 թ-ին հաշվեփակվող տարվա աուդիտի իրականացման համար: Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին ընկերությունը հաղթող էր ճանաչվել աուդիտորական ծառայությունների տրամադրման մրցույթում, իսկ այնուհետեւ Ղրղզստանի Խորհրդարանի կողմից հաստատվել որպես Ղրղզստանի Կենտրոնական բանկի 2009 թ. հաշվեփակվող տարվա աուդիտոր:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացրին ընկերությունից, մի քանի տարի շարունակ, այդ թվում` նաեւ 2008 թ-ին, «Գրանթ Թորնթոն Ամիօ» ընկերությունը հանդիսացել է նաեւ ՀՀ Կենտրոնական բանկի աուդիտորը:
1990-ականներից ի վեր «Գրանթ Թորնթոն Ամիօ» ընկերությունը տրամադրում է աուդիտորական եւ մասնագիտական խորհրդատվական ծառայություններ բազմաթիվ տեղական եւ միջազգային կազմակերպությունների, խոշոր ձեռնարկությունների, բանկերի եւ այլ ֆինանսական հաստատությունների: Ընկերության հաճախորդների շարքում են ֆինանսական հաստատություններ Հայաստանում, Վրաստանում, Տաջիկիստանում եւ այլ երկրներում, այդ թվում` նաեւ ՀՀ Կենտրոնական բանկը, տասնյակ բանկեր, վարկային եւ ապահովագրական ընկերություններ, հիմնադրամներ: