ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ. «ՉՆԱՅԱԾ ՃԳՆԱԺԱՄԸ ԴԵՌ ՀԱՂԹԱՀԱՐՎԱԾ ՉԷ, ԲԱՅՑ ԴՐԱԿԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԵՐԵՎՈՒՄ ԵՆ»
Ցավոք, այսօր շինարարության ոլորտում վիճակն այդքան էլ բարենպաստ չէ: Այսօր Շինարարի օրվա առթիվ կազմակերպված հանդիպմանն այս մասին խոստովանեց ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը` նշելով, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը լուրջ հարված է հասցրել ոլորտին: «Ներդրումների պակասը, վարկերի անմատչելիությունը, պահանջարկի անկումն այսօր բավական ծանր վիճակի է հասցրել բազմաթիվ շինարարական կազմակերպությունների»,-ասաց Վ. Վարդանյանը: Նրա խոսքով` տնտեսական անկումը կասեցնելու, իրավիճակը հնարավորինս կայունացնելու նպատակով ՀՀ կառավությունը նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով օպերատիվ կերպով ձեռնամուխ է եղել հակաճգնաժամային միջոցառումների իրականացմանը, ինչի արդյունքն այսօր նկատելի է: «Իհարկե, ճգնաժամը դեռ հաղթահարված չէ, եւ մեզ դեռ դժվարին ժամանակներ են սպասվում, բայց դրական միտումներն արդեն երեւում են: Շատ կարեւոր էր նաեւ հարկային արտոնությունների տրամադրումը շինարարության ոլորտում խոշոր ներդրումներ իրականացնողներին, որի շնորհիվ ակնկալվում է տնտեսության աշխուժացում եւ նոր աշխատատեղերի ստեղծում»,-ասաց Վ. Վարդանյանը: Նա վստահություն հայտնեց, որ քաղաքաշինության նախարարության աշխատակազմը, հանրապետության շինարարական ոլորտի մասնագետները լիովին ի զորու են հաղթահարել իրենց առջեւ դրված խնդիրները: