ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԸ ԹՈՂԱՐԿԵԼ Է «ՍՈՒՐԲ ԽԱՉ» ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այս տարի նշվում է Ղրիմում գտնվող հայկական «Սուրբ Խաչ» վանքի 650-ամյակը, ինչի կապակցությամբ Ուկրաինայի ազգային բանկը «Ուկրաինայի ճարտարապետական կառույցներ» հուշադրամների շարքի շրջանակում թողարկել է արծաթե հուշադրամ` նվիրված XIV-րդ դարում հիմնադրված հայկական «Սուրբ Խաչ» վանքին: Հուշադրամի դիմերեսին պատկերված է վանքի տարածքում տեղակայված Խաչքարը, իսկ դարձերեսին պատկերված են վանական շինությունները. ձախ կողմում` «Հին Ղրիմ հայկական վանքը» (XIV-րդ դար) և աջ կողմում` «Սուրբ Խաչ» վանքը:
Հատկանշականն այն է, որ առաջին անգամ արտերկրի կողմից իրականացվել է Հայաստանի պատմությանը և հայկական մշակույթին նվիրված հուշադրամի թողարկում:
Տեղեկացնում ենք, որ «Սուրբ Խաչ» արծաթե հուշադրամ ձեռք բերել ցանկացողները կարող են դիմել ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահ: