6-ՐԴ ՊԵՏԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔԸ` ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂՆԵՐԻՆ
Երեւանի Աբովյան 2-5 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար կառավարությունն «Էյ-Վի-Օ» ընկերությանը տրամադրում է պետական աջակցություն:
Ինչպես կառավարության այսօրվա նիստին նշեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, գործադիր մարմնի տրամադրած երաշխիքի միջոցով ընկերությունը կկարողանա «Հայբիզնեսբանկ»-ից 3 տարի մարման ժամկետով ներգրավել 2 մլն դոլարի վարկ: Ընկերության հետ կնքվել է գրավի պայմանագիր, ըստ որի` որպես գրավ է վերցվել դրա կողմից կառուցվող շենքի տարածքը եւ հողի նկատմամբ իրավունքը:
Կառավարությունը, փաստորեն, շարունակում է կյանքի կոչել իր այն որոշումն, ըստ որի` պետական բյուջետային երաշխիքներ է տրամադրում այն կառուցապատողներին, ովքեր շինարարության իրականացման համար 20 մլրդ դրամ եւ ավելի ներդրումներ են անում: Սա կառավարության հակաճգնաժամային քայլերից մեկն է, որ նպատակ է դրված խթանել ճգնաժամի պատճառով հատկապես տուժած այս ոլորտը, որը ՀՆԱ մեջ մեծ մասնաբաժին ունի: