ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԻՋԵՑՎԵՑ 0.25%-ՈՎ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԵՑ 5.00%
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009 թ. սեպտեմբերի 8-ի նիստում բանկի խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով` սահմանելով այն 5.00%: 2009 թ. օգոստոսին հուլիսի նկատմամբ արձանագրվել է 0.4% գնանկում, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը կազմել է 3.5%:
ԿԲ խորհուրդը փաստեց, որ համաշխարհային տնտեսության բարելավման նշանները շարունակել են արտահայտվել նաև ընթացիկ ժամանակահատվածում` զուգակցվելով հումքային և որոշ պարենային ապրանքների միջազգային գների աստիճանական աճով: Այս պայմաններում, չնայած համախառն պահանջարկի անկման շարունակվող միտումներին, ներքին շուկաներում գնանկումային ճնշումներ չեն դրսևորվել:
Հաշվի առնելով ՀՆԱ անկման շարունակվող միտումները և հիմք ընդունելով նպատակային միջակայքում գնաճի պահպանման գնահատականները` Խորհուրդը նպատակահարմար է գտնում նվազեցնել տոկոսադրույքները, ինչը համահունչ է ֆինանսական շուկաներում ձևավորված միտումներին և չվտանգելով գների կայունությունը, առավելագույնս նպաստում է տնտեսության ակտիվացմանը: