ՎԻՎԱՍԵԼ ՄՏՍ – ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԸ ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՑԵԼ ՎԱՆԱՁՈՐԻ «ՄԽԻԹԱՐ ԳՈՇ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Վիվասել-ՄՏՍ-ից տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 10-ին, Վանաձորի «Մխիթար Գոշ» Հայ-ռուսական միջազգային համալսարանում ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը դասախոսություն է կարդացել «ՎիվաՍել-ՄՏՍ` բիզնես, որն ունի առաքելություն» թեմայով: Ուսանողների և դասախոսների հետ հանդիպմանը պարոն Յիրիկյանը ներկայացրել է բիզնեսի հաջողակ ռազմավարության և ցանցի տեխնիկական զարգացման, մարկետինգային ռազմավարության մշակման սկզբունքները, ինչպես նաև անդրադարձավ ընկերության սոցիալական պատասխանատվության օրակարգի հարցերին:
«Ապագան այսօր ենք կերտում… Ավելի լավ վաղվա օր մենք կարող ենք ապահովել աշխատանքի, գիտելիքի և ուսանողներին դրա փոխանցման միջոցով: ՎիվաՍել-ՄՏՍ-ի նպատակը ոչ միայն որպես կոմերցիոն կազմակերպություն զարգանալն է, այլ նախևառաջ` ուսանողների և մասնագետների համար բիզնեսի օրինակ լինելն է: Մենք այսօր այստեղ ենք, որպեսզի ձեզ փոխանցենք մեր աշխատանքի արդյունքները, որովհետև հավատում ենք ձեռք բերվածն ուրիշների հետ կիսելու գաղափարին»,- հանդիպման ժամանակ նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ը միշտ հանդես է եկել որպես կորպորատիվ քաղաքացի, և մենք հույս ունենք, որ դուք էլ, երբ ժամանակը գա, կստանձնեք այդ առաքելությունը»,- հավելել է Յիրիկյանը:
Պարոն Յիրիկյանը նաև անդրադարձել է ընկերության աշխատանքի ընդհանուր արդյունավետության համար շարունակական նորարարության` այդ թվում առավել ժամանակակից ցանցի ապահովման և մատուցվող նոր ծառայությունների, դերին:
Դասախոսությունից հետո ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենին շնորհվել է «Մխիթար Գոշ» Հայ-ռուսական միջազգային համալսարանի պատվավոր դոկտորի կոչում:
Հանդիպմանը ներկա էին նաև Վանաձորի քաղաքապետարանի ներկայացուցիչներ: