ԻՆՏԵՐՆԵՏ-ՀԱՍԱՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԱՊԱՀՈՎՈՂՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԴԻՐՔԵՐԸ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իր երեկվա նիստում որոշել է «ԱրմենՏել» եւ «Ֆայբերնետ Քոմյունիքեյշն» ընկերություններին ճանաչել որպես տվյալների հաղորդման միջազգային տարանցման ծառայության` ինտերնետ հասանելիության դաշտում գերիշխող դիրք ունեցող: Ըստ հանձնաժողովի գնահատման` «ԱրմենՏել»-ն զբաղեցնում է այդ դաշտի 53.9%-ը, «Ֆայբերնետ Քոմյունիքեյշն»-ը` 46.1%-ը: Ներկայում տվյալների հաղորդման միջազգային տարանցման ծառայության դաշտում գործում են հենց այդ 2 ընկերությունները: Առաջիկայում սպասվում է 3-րդ ընկերության մուտքն այդ դաշտ:
Ինչպես լրագրողների հետ ճեպազրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը, տեղական պրովայդերների կողմից խնդիր էր բարձրացվել այն մասին, որ վերոնշյալ ընկերությունների կողմից մատուցվող ինտերնետ հասանելիության ծառայությունների գինը բարձր է եւ չի նպաստում կառավարության` այդ ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքին:
Ա. Շահնազարյանի խոսքով` այս խնդրի վերաբերյալ հանձնաժողովն ուսումնասիրություն է անցկացրել եւ պարզել, որ «ԱրմենՏել» եւ «Ֆայբերնետ Քոմյունիքեյշն» ընկերությունները սահմանի վրա առավելագույնը 300-400 դոլարով ձեռք բերվող 1մԲ ինտերնետը Հայաստանում իրացնում են 900-1300 դոլարով եւ ունենում 58 եւ 56 տոկոս շահույթ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն էլ հենց այս գնահատումների վրա սկսել է սեփական ուսումնասիրությունները: Այդ ժամանակ նշված տնտեսվարողները խոստացել են 20-25 տոկոսով նվազեցնել ինտենետի սակագները:
«Որպեսզի մենք կարողանայինք այս հարցերն իրավական դաշտ տեղափոխել, մեզ անհրաժեշտ էր առաջին հերթին այս ընկերություններին ճանաչել որպես ինտերնետի ներմուծման դաշտում գերիշխող դիրք ունեցող, որպեսզի հետագայում կարողանանք գերիշխող դիրքի չարաշահման վերաբերյալ գնահատական տալ»,-մանրամասնեց Ա. Շահնազարյանը: