ՔԱՋԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ»-Ի ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ
Քաջարանում սեպտեմբերի 24-ին բացվել է «Ամերիաբանկի» մասնաճյուղը` երրորդը Երեւանից ու Ստեփանակերտից հետո հանրապետությունում: Քաջարանում բանկի մասնաճյուղի բացման գլխավոր նպատակը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ ունեցած համագործակցության ընդլայնումն ու զարգացումն է: Արդեն մեկ տարվա պատմություն ունի այդ համագործակցությունը:
Բանկի ղեկավարության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Քաջարանն այն քաղաքն է, որը հետաքրրքում է կորպորատիվ բանկին, ինչպիսին է «Ամերիաբանկը»: Լինելով կորպորատիվ` «Ամերիաբանկը» հիմնականում կորպորատիվ հաճախորդներին է տրամադրում վարկեր, լիզինգ եւ այլն: Ֆիզիական անձանց համար էլ բանկն իրականացնում է մի շարք ծառայություններ: Չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամին` բանկը չի դադարեցրել վարկավորման գործընթացը, ինչի շնորհիվ վարկային պորտֆելը մեկ եռամսյակի ընթացքում աճել է մոտ 10 մլրդ դրամով` դառնալով 39 մլրդ: Ներկայումս բանկի կանոնադրական կապիտալը 18,2 մլրդ դրամ է, որն ամենամեծն է Հայաստանի բանկային համակարգում:
Քաջարանում արդեն գործում են հայաստանյան երեք բանկերի մասնաճյուղեր, ինչը նշանակում է, որ քաղաքում կա բանկային մրցակցություն` հօգուտ հաճախորդների: Բանկի պատասխանատուները հավաստիացնում են, որ այստեղ իրականցվող ծառայությունների մակարդակը չի զիջելու մայրաքաղաքայինին: «Ամերիաբանկի» «Քաջարան» մասնաճյուղի աշխատանքներում ներգրավված է տեղացի 11 աշխատակից:
Բանկի տնօրինությունը նպատակ ունի առաջիկա մեկ տարվա ընթացքում նոր մասնաճյուղեր բացել Գյումրիում, Վանաձորում, եւս մեկը` Երեւանում: Ներկայումս աշխատանքներ են իրականացվում Դիլիջանում նոր մասնաճյուղի բացման համար: Կարեւորելով Սյունիքի զարգացումը` բանկը նախատեսել է մարզային երկրորդ մասնաճյուղը ունենալ Կապանում: