ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ 2010 – ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԿԿԱԶՄԻ 183 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ։ ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը նիստին ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը։
Փաստաթղթի համաձայն, ՀՀ 2010թ. համախմբված բյուջեն կկազմի եկամուտների գծով` 701,1 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով` 884,7 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), դեֆիցիտը (պակասուրդը) կկազմի 183.0 մլրդ դրամ։
Հայաստանի Հանրապետության համայնքների 2010 թվականի բյուջեները եկամուտների եւ ծախսերի գծով կկազմեն 82,3 մլրդ դրամ (եկամուտների գծով` ներառյալ պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները)։
Նախագծով առաջարկվել է ՀՀ 2010թ. պետական բյուջեն հաստատել եկամուտների գծով` 676,6 մլրդ դրամ, ծախսերի գծով` 859,6 մլրդ դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)` 183 մլրդ րամ։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ՀՀ ֆինանսների նախարարությանը` աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ մեկ անգամ եւս քննության առնել վերջինիս առաջարկները եւ հնարավորության սահմաններում հաշվի առնել դրանք, ինչպես նաեւ խմբագրական որոշ փոփոխություններ կատարել` Երեւանի քաղաքապետի տեղակալ Կ.Արեյանի առաջարկին համապատասխան։
Փաստաթուղթը ՀՀ 2010թ. պետական բյուջեի կատարումն ապահովող օրենքների նախագծերի փաթեթի հետ միասին, սահմանված ժամկետում, կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։
Նիստում հավանություն է տրվել 2010թ. առողջապահական պետական նպատակային տարեկան ծրագրին եւ 2010 թվականի ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվելիք առողջապահական պետական նպատակային ծրագրերի ցանկի նախագծին, Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2010 թվականի տարեկան ծրագրին, Զբաղվածության կարգավորման 2010 թվականի պետական ծրագրին եւ միջոցառումների ցանկին, ինչպես նաեւ Երեխայի իրավունքների պաշտպանության 2010 թվականի տարեկան ծրագրին։
Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում ընդգրկելու նպատակով հավանություն է տրվել գիտական եւ գիտատեխնիկական պետական ծրագրերի նախագծերին ու ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման 2010 թվականի պետական ծրագրի նախագծին։
Մի շարք օրենքների նախածերով գործադիրը հավանություն է տվել Սեւանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների 2010 թվականի տարեկան ծրագրին, հաստատել է «Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2010 թվականի ծրագրին» եւ «Գյումրի քաղաքի վերականգնման 2010 թվականի ծրագրին»։